Բաժիններ՝

Փոփոխություն՝ «Նպաստների մասին» օրենքում

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծի նպատակն է՝ բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալու և տեղեկատվական համակարգերն առավել առարկայական կիրառելու միջոցով:

«Այս նախագծով նախատեսում ենք սահմանել, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ-ի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմիններից  ստանում են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ, անդրադարձ է կատարվում նաև օտարերկրյա քաղաքացիների մասով նպաստների իրավունքի որոշակի դրույթներին, մասնավորապես առաջարկվում է նախատեսել, որ ՀՀ-ում առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված լինելու դեպքում է այդ նպաստների իրավունքը ծագում։  Մասնավորապես, խոսքը վերաբերում է  չաշխատող մարդկանց մայրության նպաստին և երեխայի ծնունդի միանվագ նպաստին։ Առաջարկվում է նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմաններն ու կարգը որոշակիորեն ավելի առարկայական կարգավորել օրենքով»,- նշեց նախարարը։

Ա. Ասատրյանը նաև նշեց, որ վճարվող նպաստի գումարները  կարող են հետ գանձվել ոչ միայն քաղաքացիներից, այլ նաև  համապատասխան որոշում կայացրած  աշխատակցից, ում մեղքով, գործողությունների կամ անգործության արդյունքում վճարվել են նպաստի գումարները. «Այսինքն՝ նախատեսում ենք, որ  անդրադարձ կկատարվի ցանկացած ոչ իրավաչափ որոշմանը, և այդ որոշման արդյունքում, եթե պետական բյուջեից ավելի գումարներ վճարված կլինեն, ապա հետ գանձելու խնդիրը կառաջանա ոչ միայն քաղաքացու նկատմամբ, այլև պաշտոնատար անձի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս