Բաժիններ՝

Խոշտանգումներից տուժած անձանց համար «համաչափ» փոխհատուցում կսահմանվի

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը նշեց, որ նախագծի նպատակը ՀՀ օրենսդրության մեջ խոշտանգումներից տուժած անձանց համաչափ փոխհատուցում սահմանելն է։

«Փոխհատուցումն իր մեջ 3 կոմպոնենտ է ներառում, մասնավորապես՝ նյութական, ոչ նյութական վնասի փոխհատուցումը, ինչպես նաև ռեաբիլիտացիայի իրավունքը։ Իր հերթին՝ խոշտանգումից տուժածի  ռեաբիլիտացիայի իրավունքն իր մեջ ներառում է երեք բաղադրատարր, ստացված բուժօգնության և բուժծառայությունների դիմաց փոխհատուցման իրավունքը և անվճար հոգեբանական և իրավաբանական ծառայությունները»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով փոխհատուցում ստանալու անձանց ցանկին՝ Ա. Ասատրյանը նշեց, որ նախագիծն ամրագրում է, որ խոշտանգման տուժողի մահվան կամ նրա անչափահաս  կամ անգործունակ լինելու դեպքում՝ նրա փոխարեն փոխհատուցում ստանալու հայտով հայց կարող է ներկայացվել նաև ծնողի, որդեգրողի, զավակի, որդեգրվածի, ամուսնու, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից։

«Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա նախատեսվում է, որ դատարանները  այդ փոխհատուցման չափը որոշելիս կղեկավարվեն ողջամտության, արդարության և համաչափության կանոններով։ Միևնույն ժամանակ, պետությունը, հատուցելով խոշտանգման դիմաց, դրա համար մեղավոր անձի նկատմամբ ստանում է ռեգրեսի իրավունք և կարող է նրանից հետպահանջի իրավունքով դիմել դատարան։ Հայցվորները նման հայցերով դատարան դիմելիս ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից»,- նշեց փոխնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս