Թևան Պողոսյանը նախանշում է 2017թ. մարտահրավերները

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե տարածաշրջանային խնդիրներին նայենք՝ 2017 թվականի համար մի քանի մարտահրավեր ունենք.

«Առաջին մարտահրավերն արցախյան հիմնախնդիրն է: Հասկանալով, որ Ադրբեջանը փորձում է ռազմական միջոցներով առաջ տանել իր խնդիրները՝ նոր զինատեսակներ է գնում, չի պատրաստվում որևէ կերպ կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Փաստորեն, բանակցությունները կանգնած են: Դա մարտահրավեր է, և մենք պետք է կարողանանք պատրաստ լինել և 2017-ին էլ, 2018-ին էլ ապահովենք այնպիսի անվտանգության մակարդակ, որտեղ Ադրբեջանում միշտ լինի հայկական գիտակցությունը. հայկական կողմերը միշտ ունակ կլինեն պարտադրել խաղաղություն, իսկ պետք եղած դեպքում համապատասխան ջարդ կտան»:

Երկրորդ մարտահրավերը, ըստ պատգամավորի՝ Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներն են՝ կապված Սիրիայի խնդրիների, ահաբեկչության տարածման հետ: Նրա խոսքով՝ հասկանալով, որ այսօրվա դրությամբ ունենք հայ համայնք Սիրիայում, պետք է կարողանանք այնպիսի մոտեցումներ զարգացնել, որ պետք եղած ժամանակ կարողանանք մեր հայրենակիցներին օգնել. «Շատ մարդիկ նաև եկել են Հայաստան, պետք է կարողանանք նրանց տեղայնացնել, որ նորից հայրենիքը գտնեն, և փորձենք ամեն ինչ անել, որ այստեղ մնան, ոչ թե Հայաստանը միջին օղակ օգտագործեն. այսինքն՝ գալ այստեղ, ինչ-որ ժամանակ մնալ, հետո մեկնել: Թուրքիայի զարգացումներին էլ պետք է ուշի-ուշով հետևենք»:

Հաջորդ մարտահրավերը Թևան Պողոսյանը համարում է նոր ամերիկյան իշխանությունների նախընտրական շրջանում տված խոստումները, որ գալով իշխանության՝ նրանք կփորձեն վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը. «Եթե մենք ուրախացել էինք կամ հնարավորություն էինք ստացել, ազատ ռեժիմի կամ սանկցիաների թեթևացման հետ կապված, նորից սկսել Իրանի հետ տնտեսական դաշտում խորը համագործակցություն, ապա, եթե Թրամփը հետևի իր խոստումներին, կարող են շատ ու շատ խնդիրներ առաջանալ: Հուսանք, որ ամբողջական պայմանագրից հետ չի կանգնի ամերիկյան կողմը»:

Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին նույնպես նա համարում է մարտահրավեր, քանի որ, ըստ պատգամավորի՝ մենք չունենք սահման ԵՏՄ երկրների հետ. «Ճանապարհները շատ ժամանակ կախված են լինում տարբեր սեզոնային երևույթներից: Այն, ինչ որ կատարվում է այսօր Լարսում, մեծ մարտահրավեր է, մենք պետք է հասկանանք, որ ապագայում, եթե մտածում ենք տնտեսությանը զարկ տալու և տնտեսության զարգացման մասին, պետք է մտածենք այլընտրանքային ճանապարհներ գտնելու մասին, որ կարողանանք առնվազն ունենալ անխափան փոխադրամիջոցների հնարավորություն»:

2017 թվականի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն էլ են, ըստ նրա՝ մարտահրավեր. «Պետք է ամեն ինչ անենք, որ ընտրությունները լինեն բաց, արդար, մրցակցային, թափանցիկ, և այնպիսին, որ արդյունքների հանդեպ որևէ մեկը կասկած չունենա: Իսկ թե դրանից հետո ինչ Ազգային ժողով կընտրի մեր հանրությունը, դա կլինի նրա ընտրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս