Կարևոր որոշում. բջջային հեռախոսների միջոցով հնարավոր կլինի ծանուցումներ ստանալ արգելանքների, տուգանքների մասին

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթը։

ՀՀ արդաադատության նախարար Աիփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծերի փաթեթն, ըստ էության, ներկայացվում է ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով։ «Խնդիրն այն է, որ այսօր գործող իրավակարգավորումներով մեզ մոտ առաջնահերթ ծանուցումը կատարվում է փոստային եղանակով։

Շատ հաճախ դրա արդյունավետությունը կարող ենք կասկածի տակ դնել տարբեր պատճառներով, և քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ շեշտադրում կատարվի էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա։ Ընդ որում, քանի որ աստիճանաբար լայն տարածում է ստանում նույնականացման քարտերի տրամադրումը, և դրա միջոցով պաշտոնական էլեկտրոնային փոստ է տրամադրվում քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացին հնարավորություն է ստանում բջջային հեռախոսի միջոցով ստանալ համապատասխան ծանուցումը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն պատրաստ են թե՛ ոստիկանության, թե՛ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից համապատասխան հարթակները, որոնք նույնիսկ մինչև օրենքների ընդունումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռելու բջջային հեռախոսների միջոցով կամ իրենց համար նախընտրելի այլ եղանակով ծանուցումներ ստանալ թե՛ արգելանքների, թե՛ վարչական ակտերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս