Կկայանա՞ արդյոք Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան դաշինքը

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաև` անհատների հետ։ Նա «ազդարարել» է նոր նախընտրական դաշինքի հնարավոր ձևավորման մասին, մասնավորապես` նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության հետ։ Օսկանյանն ասել է, որ, եթե այդ դաշինքը ստացվի, ապա այն «լավ դաշինք» կլինի։

«168 Ժամի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել այս նոր դաշինքի ստեղծման հնարավորությունը։ «Դաշինքների ձևավորման հետ կապված որևէ գործընթաց մենք չենք մեկնաբանում»,- ասաց նա։

Նա նաև չմեկնաբանեց, թե հնարավո՞ր է` ՀԱԿ-ը համագործակցի Օսկանյանի կազմելիք դաշինքի հետ, նաև անիմաստ համարեց որևէ գնահատական տալ, թե արդյոք նախկին գործընկերները կարո՞ղ են միավորվել անվերջ քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, և արդյո՞ք Տեր-Պետրոսյան-Ծառուկյան համագործակցության էջը փակված է։ «ՀԱԿ-ի ցուցակը կձևավորվի, մենք դեռ համագումար ենք անելու, նոր վարչություն է լինելու, այդ ժամանակ նոր կխոսենք»,- ասաց Լ.Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ողջունում է առաջին կայացած դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», նաև նույն անկեղծությամբ ողջունում է «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունների և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քննարկումները` միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Շատ կարևոր է, որ գործիչները, ովքեր ընդամենը 1-2 ամիս առաջ իրար հասցեին հնարավոր բոլոր և անհնար մեղադրանքները հնչեցնում էին, կարողացան այդուհանդերձ ներքին տարաձայնությունները դնել մի կողմ և միասնական, միասնաբար ձևավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ»,- ասաց նա։

Ն. Զոհրաբյանի կարծիքով` նոր Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) թելադրում է, որ խորհրդարանական ընտրություններում շատ կարևոր է լինելու մեծ համախմբումներով հանդես գալը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետորեն մասնակցել ընտրություններին. «Ես պարոն Օսկանյանին միշտ համարել եմ շատ ազնիվ անձնավորություն և երբևէ չեմ կասկածել իր ազնիվ մտադրություններին` մեր երկիրը տեսնել ազատ, արդար, բարգավաճ, և իսկապես ցանկանում եմ, որպեսզի այս համագործակցությունը կայանա»։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է` «Բարգավաճ Հայաստանն» էլ միանա «Համախմբմանը», Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված հարցերին կպատասխանի միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, բայց ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու մասին քննարկելու խնդիր չունի։
Մեր հարցին, թե արդյոք Ծառուկյանը կարո՞ղ է համախմբել «Համախմբմանն» ու ԲՀԿ-ին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ որևէ հարցի Ծառուկյանի փոխարեն չի պատասխանելու, և Ծառուկյանն ինքը կպատասխանի. «Թե ինչ հնարավոր քայլեր կանի ԲՀԿ-ն, բոլոր հարցերը, պատեհ պահի, իսկ դրա հնարավորությունը դուք կունենաք առաջիկայում, կուղղեք պարոն Ծառուկյանին»։

Ն.Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ այս դաշինքները սպառնալիք չեն ԲՀԿ-ի համար, և իրենք պատրաստ են բոլորի հետ ազատ, արդար մրցապայքարի. «ԲՀԿ-ն ունի իր կայուն էլեկտորատը։ Կլինեն իշխանական թե ընդդիմադիր դաշինքներ, ԲՀԿ-ն պատրաստ է բոլորին ընդունել` որպես հավասար արժանապատիվ մրցակիցներ»։

Նրա կարծիքով` տեսականորեն գուցե գեղեցիկ գաղափար է, որ ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ձևով հանդես գար, բայց դա անհնար է, քանի որ դա կլիներ անընդունելի և կեղծ։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խուսափեց խոսել Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության մասին։ «Նախ` նախկին նախարարը` պարոն Օհանյանը, ինքը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել, երկրորդը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, նաև պաշտոնաթող պաշտոնյաները, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, օրենքի սահմաններում զբաղվել այն ոլորտով, որը հնարավորություն է տալիս Սահմանադրությունը։ Սահմանադրությունը 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս, կարող է զբաղվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկու նախկին արտգործնախարարների և մեկ պաշտպանության նախկին նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, Է.Շարմազանովի կարծիքով, դա իրենց որոշելիքն է։ Ըստ նրա` առհասարակ չկա ընդդիմադիր և իշխանամետ, ժողովուրդն է ընտրությունների ընթացքում որոշում` ով է դառնում ընդդիմադիր, ով է դառնում իշխանամետ. «Եվ մենք մեր քաղաքական ընտրապայքարում չենք տարբերակում, մեր քաղաքական մրցապայքարում հատուկ թիրախներ չենք ընտրում, որ ինչ-որ մեկի դեմ պայքարենք։ Մենք անկախ նրանից` Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը կնստեն կամ կվերադառնան քաղաքականություն, մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, գնալու ենք այդ օրակարգով, այդ օրակարգը նախանշել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»։

Է.Շարմազանովի խոսքով` ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընտրողների ամենահավանական ֆավորիտներն ընդդիմադիր դաշտում, և Մարուքյան-Փաշինյան-Արամ Սարգսյան եռյակ միությունից հետո հնարավոր նոր դաշինքներ նախընտրական ֆորմատով ընդդիմադիր դաշտում կլինեն, գուցե այդ դաշինքը նաև դա է։ Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար, մրցակցային պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ` անկախ` դա կլինի նախկին պաշտպանության նախարար, մեծահարուստ, նախկին քաղաքական գործիչ, եռյակ երիտասարդ դաշինք, թե այլ։

Տեսանյութեր

Լրահոս