Էրդողանը Թուրքիայում «ազգային մոբիլիզացիա» է հայտարարել ահաբեկիչների դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ազգային մոբիլիզացիայի» կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ես ազգային մոբիլիզացիա եմ հայտարարում։ Այսուհետ ո՛չ լեռներում կամ քաղաքներում գտնվող ահաբեկիչները, ո՛չ նրանք, որոնք օգնում են վերջիններիս, ոչ մի վայրկյան հանգիստ չեն ունենա։
Դիմում եմ մեր անվտանգության ուժերին` ահաբեկիչների դեմ պայքարում ձեզ հետ է ողջ երկիրը, ողջ ժողովուրդը։ Ոչ մի դեպքում մի՛ հրաժարվեք ձեր լիազորություններն օգտագործելուց»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում գյուղական ադմինիստրացիաների ղեկավարների առաջ։
Էրդողանի խոսքով՝ «որոշակի ուժեր» ցանկանում են Անկարային ստիպել չմիջամտել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և կենտրոնանալ սեփական խնդիրների լուծման վրա։
«Մենք թույլ չենք տա Թուրքիան ավերակների վերածել։ Դա տեղի ունեցավ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, սակայն Թուրքիայում նման խաղերը դատապարտված են ձախողման»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։