
Լարսը փակ է, Շիրակի մարզում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում բուք է:
Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: