«Կեղծ հերոսների կարիք մեր հանրությունն ու հանրապետությունը չունեն այլևս». Արփինե Հովհաննիսյան
«Ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրինագիծը ներկայացվել է այն պահին, երբ այդ ուղղությամբ աշխատանքները նախագծին տվել են որոշակի վերջնական տեսք և փորձառություն: Նախագիծը չի ներկայացվում՝ որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա` նախագծի ընդունումից հետո պետք է ստեղծել գործիքները, որպեսզի համակարգն աշխատի, և պատահական չէ, որ օրինագիծը գործելու է հուլիսի 1-ից. «Հիմա օրինականացնել ու հերոսաբար ասել, որ վաղվանից ապօրինի հարստացումը քրեականացված է, չտալով դրա գործիքները, թերևս, կեղծ հերոսների կարիք մեր հանրությունն ու հանրապետությունը չունեն այլևս»:
«Ապօրինի հարստացումը շղթայի փակող օղակն է, մենք ունենք մի քանի հանցակազմեր՝ նախատեսված Քրեական օրենսգրքով, դրանք որևէ մեկը չի վերացրել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը` հավելելով, որ երկրում կա կոռուպցիոն իրավիճակ կամ հանցագործություններ, որոնց բացահայտման մակարդակը ոմանց համար բավարար կլինի, ոմանց համար՝ ոչ:
Նախարարի կարծիքով` ապօրինի հարստացման քրեականացումը՝ որպես կանխիչ գործիք, բավականին լուրջ նշանակություն կունենա: