
Հրաչյա Ռոստոմյանը` Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնություններին: Պատասխանելով հարցին, թե ինչու նրանց «ջրերը մի առվով չեն հոսում», նա ասաց, որ նման խնդիր չկա: Նախարարը նշեց, որ պատրաստ է իրագործել ֆուտբոլի զարգացմանն ուղղված իր նպատակները:
«Ես չեմ ասել, որ նոր ֆուտբոլիստներ կբերեմ, այլ ասել եմ, որ նոր մասնագետներ կբերեմ: Ես շարունակելու եմ իմ ասած բոլոր խոսերը տանել առաջ: Ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսի պակաս չունի, քանի որ ֆինանսավորում ստանում է միջազգային կառույցներից: Եթե ունենա, մենք անպայման կօգնենք նրանց»,- ասաց նախարար Ռոստոմյանը:
Նա հոկտեմբերի 13-ին հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդյունքներով: «Արդյունքները մտահոգում են և ոչ բավարար են: Խնդիրները բազմազան են: Մենք զբաղվում ենք յուրաքանչյուր խնդրով, որ սկսում է մտահոգել, անկախ նրանից, թե որ մարզաձևին է վերաբերում՝ ֆուտբոլին, ըմբշամարտին, թե այլ»,- ասել էր նա: Ռոստոմյանը նշել էր, որ ֆուտբոլի հավաքականի հետ կապված քննարկումներ են սկսելու՝ հրավիրելով ֆուտբոլի մասնագետների: