![](/banners/BeFunky-design.jpg)
Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի մասին համաձայնագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/^1B782E2FBEC774747D6EFCA7E54C938A8D86248D1F76D688AF^pimgpsh_fullsize_distr.jpg)
ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը: Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
«Հայաստանը միշտ էլ մեր գործընկերն ու դաշնակիցն է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: