Բաժիններ՝

«Աշխարհի ոչ մի երկիր մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակը չի ընդլայնել. մենք ընդլայնելու ենք». նախարար

«Երկրագնդի ամենաչքնաղ նախարար, հարգարժան օրիորդ Հովհաննիսյան»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին այսպես դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։

«Էս վատ հարց եք տալու, նախաբանը փորձում եք լավն անե՞լ…»- արձագանքելով Տ. Ուրիխանյանի հաճոյախոսությանը՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Տ. Ուրիխանյանը շարունակեց հարցը.  «Եթե պաշտոնյան կաշառք է վերցրել, յուրացումներ է արել՝ դրանց համար պատժեք, ի՞նչ է նշանակում՝ ապօրինի հարստացում։ Եթե ապօրինի է հարստացել, ապա պետք է պատժվի այլ օրենքների համաձայն։

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի հարստացումը  համարվում է եկամուտները չհիմնավորվող հարստացումը. «Կաշառք ստանալը համարվում է ամենադժվար ապացուցվող հանցագործություններից մեկը ոչ միայն՝ մեր երկրում, իսկ ապօրինի հարստացման քրեականացումը հետևանքային հանցակազմ է»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հարց բարձրացրեց պաշտոնյաների ունեցվածքներն իրենց բարեկամների անուններով հայտարարագրելու վերաբերյալ.

«Ենթադրենք՝ իքս պաշտոնյայի մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ հարսի, քեռու որդու, այսինքն՝ մերձավոր բարեկամների անուններով, մի 25 հատ էլ այդպես մեքենաներ ունի, որ գրում է հարևանի կամ մեկ այլ անձի վրա, դե ֆակտո իրենն է, բայց դե յուրե իրենը չէ, ի՞նչ է լինելու»։

Ա. Հովհաննիսյանը նախ՝ նշեց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, և աշխարհի ոչ մի երկիր մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակը չի ընդլայնել.

«Ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, ովքեր փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել են, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը ներկայացնելու ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս