
«Ամեն մարդ իր բնակավայրն ընտրելու իրավունք ունի». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ադրբեջանական քարոզիչ Վահան Մարտիրոսյանին ես չեմ ճանաչում որպես քաղաքացիական ակտիվիստ: Ես նրան ճանաչում եմ որպես մարդ, որը ցինիկ ձեւով չարաշահել է իմ բարեկամ Ռուզան Մարգունու բարությունն ու վստահությունը եւ կողոպտել է նրան:
Սյուզան Ջաղինյան անուն-ազգանունով լրագրողի մասին ես ընդհանրապես չեմ լսել` չնայած վաղուց այդ գործի մեջ եմ: Եթե նա էլ է խախտել ՀՀ օրենքները, ապա, այո, մեր իրավապահները պետք է զբաղվեին նրանցով, եւ շատ վատ է, որ չեն զբաղվել: Ենթադրում եմ, որ միայն նրանց արարքները չէ, որ Հայաստանում անպատիժ են մնում: Բայց երբ նրանց Բաքու տեղափոխվելը եւ այնտեղից հօգուտ Ադրբեջանի քարոզելը դառնում է հայերի կողմից բուռն քննարկումների եւ դատապարտումների առարկա, դա ինձ, ճիշտն ասած, զարմացնում է: Ամեն մարդ իր բնակավայրն ընտրելու իրավունք ունի` այդ նորմը կա նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ:
Մարդիկ Հայաստանից գնում են, ասենք, Գլենդեյլ եւ հետո սոցիալական ցանցերում գրառումներ են անում, թե «այստեղ` Գլենդեյլում, մեզ համար լավ է, իսկ այնտեղ` Հայաստանում, վատ էր»: Դա մեզանում բացասական էմոցիաներ չի առաջացնում, հակառակը` երբեմն նույնիսկ քաջալերում ենք այդ մարդկանց` «տեսնո՞ւմ եք, ինչ մտահոգ հայեր են, իսկական հայրենասեր են, մի երկու բաժակ խմելուց հետո հայհոյում են Հայաստանի իշխանություններին, ուրեմն հայրենիքը նրանց սրտներում է»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: