Արաս Օզբիլիզը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից
Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ՀՀ կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։