Բաժիններ՝

Միխայիլ Պիոտրովսկին և Արմեն Ամիրյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Այսօր Հայաստանի Ազգային Պատկերասրահում ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Համաձայնագրի ստորագրումին հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նկատեց. «Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր… որքան գեղեցիկ և ռոմանտիկ է հնչում, բայց իրականում առկա է փաստաթղթային լուրջ բովանդակություն, այդ թվում՝ հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբերի և գիտական ուսումնասիրությունների անցկացում Կարմիր Բլուրի տարածքում, փոխադարձաբար հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երևանի 2800-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, և այլն: Ծրագրերի շուրջ ես այսօր զրուցեցի նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ»:

piotrovski-6

piotrovski-3

piotrovski-1

Ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը նախանշում է թանգարանային ոլորտը, ինչպես նաև գիտական համատեղ ուսումնասիրությունների անցկացումը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադառնալով ստորագրված համաձայնագրին՝ մանավորապես նշեց՝ համագործակցության շերտերը բազմազան են ու բազմապիսի, իսկ դրանց միս ու արյուն տալու համար նման համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն էր, որպեսզի հնարավոր լինի հստակ գործնական քայլեր ձեռնարկել:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Ամիրյանն անդրադարձ կատարեց նաև Կարմիր Բլուր կոչվող հնավայրի վիճակին, որը, ըստ վերջինիս բնորոշման՝ մեղմ ասած, բարվոք չէ. «Դրա համար օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ պատճառներ կան, և նման գիտական նախաձեռնությունները պետք է նաև առիթ հանդիսանան՝ մարդկային նմանօրինակ բարբարոսության դեմն առնելու համար: Ես վստահ եմ` ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հանրության համար Կարմիր Բլուրի ուսումնասիրությունները նոր ու հետաքրքիր բացահայտումների առիթ կհանդիսանան»:

piotrovski-2

piotrovski-4

Մամուլի ասուլիսի ընթացքում Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվեց Հովսեփ Օրբելի հուշամեդալով, իսկ Երևանում, որը նաև Միխայիլ Պիոտրովսկու ծննդավայրն է, այսօր տեղի ունեցավ վերջինիս հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությունը: Երկօրյա այցի շրջանակներում հյուրն այսօր «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցել է նաև կլոր սեղանի, հանդիպել Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարանների ուսանողների և դասախոսների հետ։
Միխայիլ Պիոտրովսկին Երևան է ժամանել որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, ով զբաղվում է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս