«Սա մոբիլիզացիայի կոչ չէ». Էդուարդ Շարմազանովը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, պետք է նախ՝ համախմբվենք և ապրիլյան պատերազմից հետո պետք է դասեր քաղենք, և դասեր չպետք է քաղի միայն գերագույն ղեկավարությունն ու բանակը, դասեր պետք է քաղի ողջ հասարակությունը, և բոլորս պետք է հասկանանք, որ ապրիլից հետո այլևս պետք է ապրենք նոր իրողության պայմաններում, պետք է լինենք ավելի միասնական, ավելի համերաշխ, իշխանությունն ավելի արդյունավետ կառավարի, և բոլոր նախորդ թերությունները վեր հանենք և դասեր քաղենք նախորդից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ԼՂՀ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որ հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու:

Ըստ նրա` որևէ մեկը չի ասել, որ մեզ հեշտ ժամանակներ են սպասվում, որևէ մեկը չի ասել, որ նոր փորձություններ չեն սպասվում: Է.Շարմազանովն ուշադրություն հրավիրեց տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ահաբեկիչների ու Թուրքիայի ակտիվացման, հայ-թուրքական սահմանի փակ մնալու, Ադրբեջանի ծայրահեղ հայտարարությունների վրա.

«Բնականաբար, այս ամենի մեջ գերագույն գլխավոր հրամանատարը եթե կանգնի-ասի` ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է լինելու, կարծում եմ՝ լրագրողներն առնվազն անլրջության մեջ կմեղադրեն իշխանություններին: Սա մոբիլիզացիայի կոչ չէ, սա համախմբվելու, միավորվելու և միասնաբար խնդիրները լուծելու կոչ է, որը շատ կարևոր է»:

Տեսանյութեր

Լրահոս