Բաժիններ՝

«ԵՏՄ մաքսային օրենսգիրքը դռներ չի փակելու». Վախթանգ Միրումյան

ԵՏՄ մաքսային օրենսգիրքը Հայաստանի համար դռներ չի փակելու, հակառակը` այն բավականին դրական կողմեր է պարունակում իր մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե մինչև տարեվերջ ընդունվելիք ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա և ի՞նչ «դռներ» կփակի մեզ համար երրորդ երկրների հետ հարաբերություններում:

«Դռներ փակելու մասին խոսք չի կարող լինել»,- ասաց նա:

Վ.Միրումյանը թվարկեց ԵՏՄ մաքսային օրենսգրքի մի քանի առավելություններ. «Այն ավելի համապարփակ փաստաթուղթ է, ինչը նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտները մի փաստաթղթի հետ են գործ ունենալու, քանի որ շատ ավելի բարդ է շփվել Մաքսային օրենսգրքի հետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների հետ, անդամակցության պայմանագրերի հետ, և այլն:

Միգուցե մեթոդաբանական մակարդակով որևէ դժվարություն չկա, բայց եթե պատկերացնենք, որ տնտեսվարող սուբյեկտն է առնչվելու այդ փաստաթղթերի բավականին ընդգրկուն շարքի հետ, դա արդեն խնդիր է: Երկրորդը` նոր Մաքսային օրենսգիրքը հիմնված է ամբողջությամբ էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Սա մեր բիզնեսի համար առավելություն է, ինչը նշանակում է, որ և՛ ժամանակային առումով, և՛ ընթացակարգային առումով հարմարավետություն է, որովհետև էլեկտրոնային համակարգի միջոցով հայտարարագրումը գերակայություն է:

Հաջորդը, մենք ունենք ապրանքների բացթողնման ձևակերպումների ժամկետների էական կրճատում, օրինակ` եթե ապրանքը բաց են թողնում հաջորդ աշխատանքային օրը, նոր օրենսգրքով դա կատարվում է ընդամենը 4 ժամվա ընթացքում: Սա սահմանված է՝ որպես առավելագույն ժամանակահատված իրականացնելու: Ունենք լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի կատարելագործման մեխանիզմներ, ունենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու իրավունք, որը մի կողմից՝ կաշխուժացնի սահմանային առևտուրը, մյուս կողմից` տարածքային համաչափ զարգացման նպատակներ է հետապնդում: Մի շարք մաքսային ընթացակարգեր պարզեցվել են, և ավելի տեսանելի խաղի կանոններ են սահմանվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս