«Մեր վճռականությունը դրանից չի պակասելու». Լևոն Զուրաբյան

Քաղաքացիական հասարակության հրաժարումն ընտրական գործընթացի հետ կապված միասնական հանձնաժողովում մասնակցությունից գործընթացի տապալում չէ, որովհետև գործընթացն այնպես է կառուցված, որ նրանց մասնակցությամբ կամ առանց, գործընթացը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` ոչ ոք չի կարող քաղհասարակությանը պարտադրել մասնակցել, և նրանք պետք է իրենց վրա վերցնեին կռվելու ու պայքարելու դերը: Լ. Զուրաբյանն ափսոսանք հայտնեց, որ միայնակ պետք է անեն.

«Բայց մեր վճառականությունը դրանից չի պակասելու, որոշումն այնպես էր ընդունված, որ հավասար մասնակցության իրավունք էր տրվում իշխանությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ, օրինակ, «Ժառանգությունը» չէր մասնակցում բանակցություններին, բայյ հիմա որոշել են մասնակցել և այժմ «4+4+4»-ից գործում է «4+4» ֆորմատը: Նրա կարծիքով` ոչ լեգիտիմութան խնդիր չկա, եթե անգամ որևէ կողմ չի ստանձնում իր տեղը հանձնաժողովում, թեև քաղհասարակությունը հավասարակշռող ոչ քաղաքական մոտեցումներ կբերեր:

Հիշեցնենք, որ նոր ԸՕ փոփոխությունների քննարկումներին «4+4+4» ձևաչափով մասնակցած 6 հասարակական կազմակերպությունները հրաժարվել են ընդգրկվել ԱԺ ընդդիմադիր, իշխանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի նպատակն ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում կազմակերպելն է, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքի մշտադիտարկումը:

Տեսանյութեր

Լրահոս