«Մենք պտտվում, պտտվում ենք, քաղաքացուն ասում ենք՝ եկեք հարկը ձեր վրա ավելացնենք, ամեն ինչ անենք, որ դուք էլի շատ հարկվեք». Էդմոն Մարուքյան
«Նայում եմ նախագիծը, և ինձ մոտ տպավորություն է, որ ի սկզբանե նախաձեռնությունը բացարձակ ճշմարտությունների նախաձեռնություն է»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նման տեսակետ հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Է. Մարուքյանը նշեց, որ իրենց հիմնական առաջարկները մերժված են. «Դուք մերժել եք այլ աղբյուրները, պրոգրեսիվ հարկումը, հետադարձ ուժը և ասում եք, որ կառավարությունը նոր մոտեցում է բերում այս նախագծով։ Ես պնդում եմ, որ սա հին մոտեցումն է։ Մենք պտտվում, պտտվում ենք, քաղաքացուն ասում ենք՝ եկեք հարկը ձեր վրա ավելացնենք, ամեն ինչ անենք, որ դուք էլի շատ հարկվեք։ Ինչ առաջարկել ենք, մերժում եք, այսինքն՝ «մենք բացարձակ ճիշտ ենք», սենց ո՞նց կեղնի»:
«Ինչ վերաբերում է աղբյուրներին՝ չեմ ուզում առաջ ընկնել, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ առաջիկա օրերին առիթ եմ ունենալու և խնդրելու եմ նաև՝ խորհրդարանական որոշ ձևաչափով անդրադառնանք ձեր մատնանշած աղբյուրներից մեկը շատ հետաքրքիր, նոր ձևով ներդնելու համար մեր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այս նախագծում շատ փոփոխություններ կան նախորդի նկատմամբ, բայց երբ ես ասում եմ՝ նոր մոտեցում, ես նկատի չունեմ՝ նոր մոտեցում առաջին ընթերցման նկատմամբ, ես ասում եմ, որ այս օրենքի գաղափարն առհասարակ նոր մոտեցում է»,- նշեց Վ. Սարգսյանը։