Բաժիններ՝

«Հալեպի ազատագրումը կարևոր նշանակություն ունի հայ համայնքի անվտանգության համար». արաբագետ

Հալեպի ազատագրումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ սիրիական հակամարտության զարգացման հետագա ընթացքի վրա, սակայն վճռական ազդեցություն, դժվար թե ունենա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանն` անդրադառնալով Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հալեպի ազատագրմանը:

«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:

Անդրադառնալով Հալեպում հայ համայնքի անվտանգության հարցին` արաբագետը նշեց, որ այդ տեսանկյունից ազատագրման գործընթացը ևս կարևոր է: Այն զանգվածը, որ իրենից մեծ վտանգ էր ներկայացնում և ժամանակ առ ժամանակ հրթիռակոծում էր հայկական թաղամասերը, փաստորեն, չեզոքացված է. հայ համայնքն այդ վտանգից ձերբազատվում է:

«Դա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Կարծում եմ, որ սրան նաև պետք է ավելացնել հետագա գործընթացը: Հիմա վտանգը տեղափոխվում է դեպի Արևմուտք` Իդլիբ նահանգ, որտեղ կենտրոնացած է ընդդիմադիրների ներուժը: Եթե այս հատվածում ռազմական գործողությունները շարունակվեն և Սիրիայի կառավարական ուժերը ևս հաջողության հասնեն, ապա խաղաղ կարգավորման գործընթացը կշահի: Այս հատվածում հիմնական վտանգավոր ահաբեկչական կառույցներն են: Դա մոտ է Հալեպին, Լաթաքիային: Եթե այդտեղ վտանգը չեզոքացվի, միանշանակ, ոչ միայն հայ համայնքի անվտանգության տեսանկյունից կարևոր քայլ կլինի, այլև հակամարտության կարգավորման առումով»,- հավելեց արաբագետը:

Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի և նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացնում են, որ ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս