Թուրքիայի վարչապետը կհանդիպի Բահչելիի եւ Քըլըչդարօղլուի հետ
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա նստավայրում դեկտեմբերի 14-ին կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.comը: Հանդիպման ժամանակ քննարկումը տեղի կունենա երկրում իրականացված ահաբեկչական գործողությունների շուրջ:
Այսօր խորհրդարանական նիստի ժամանակ «Ազգայնական շարժում» եւ Ժողովրդա հանրապետական կուսակցությունները խստորեն քննադատել են ահաբեկչական գործողությունները եւ իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում ցանկացած հարցում օժանդակելու պատրաստակամություն հայտնել:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը:
Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155-ը: