Մխիթարյանը ոչ միայն փոխանցումների հանճար է, այլև տիրապետում է 7 լեզուների. The Sun
Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների սրտերը` այս ամռանը գերմանական «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց ի վեր: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը` հավելելով, որ Մխիթարյանը չի վախենում հանդիպումներից հետո մամուլի հետ շփումներից` չնայած այն հանգամանքին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բավականին դանդաղում էր Մխիթարյանին թիմի հիմնական կազմ ընդգրկելու հարցում:
«Զարմանալի չէ, որ նա իրեն վստահ է պահում տեսախցիկների առաջ` հաշվի առնելով անգլերենի տիրապետման մակարդակը: Եվ դա միայն մեկն է այն 7 լեզուներից, որոնց Մխիթարյանը տիրապետում է: Բացի իր մայրենի հայերենից, ինչպես նաև անգլերենից, որը նա սովորել փոքր տարիքում, Միկին խոսում է նաև ֆրանսերեն: Նրա համար իդեալ է Զինեդին Զիդանը, նա ապրել է Ֆրանսիայում մինչև 7 տարեկանում Հայաստան վերադառնալը»,- գրում է թերթը: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Մխիթարյանը 14 տարեկանում սովորել է պորտուգալերեն Բրազիլիայում ապրելիս, իսկ ռուսերենին տիրապետում է իր տատիկի շնորհիվ:
«Միկին սովորել է ուկրաիներեն, քանի որ հինգ տարի ապրել և խաղացել է Ուկրաինայում, ինչպես նաև բավականին լավ տիրապետում է գերմաներենին Դորտմունդում անցկացրած իր երեք տարիների ընթացքում»,- ամփոփում է «The Sun»-ը: