«Արցախ-Հայաստան դաշինք պետք է կնքվի, այդ մանդատը պետք է Արցախը հանձնի Հայաստանին». Ազատ Արշակյան
«Հայաստանը պետք է տեր կանգնի Արցախին, ինքը պետք է անվտանգության պատասխանատուն լինի: Հայաստանը պետք է Ղարաբաղն իր անբաժանելի մասը ճանաչի ու ինքն էլ տեր կանգնի: Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ նախագահը սպառնաց դրանով, ասաց, որ մենք դաշինք կկնքենք Ղարաբաղի հետ և մեզ կհայտարարենք նրա անվտանգության երաշխավորը: Ես կարծում եմ՝ Հայաստանն ավելի կպաշտպանի Արցախին, քան Արցախը՝ ինքն իրեն: Հայաստանը պատասխանատու է Արցախի անվտանգության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ Արցախը պետք է Հայաստանի միջոցով վերադառնա բանակցային դաշտ. «Արցախ-Հայաստան դաշինք պետք է կնքվի, այդ մանդատը պետք է Արցախը հանձնի Հայաստանին: Այլ ոչ թե հիմիկվա նման, որ ընկերական պայմանավորվել են վարագույրի հետևում»:
Նա նաև նշեց՝ հայկական կողմը պետք է նախահարձակ լինի, այլ ոչ թե պաշտպանվի. «Նախահարձակ լինել՝ նշանակում է՝ ունենալ նախաձեռնողական քաղաքականություն։ Միակ բանը, որ Հայաստանն անում է, ասում է՝ մենք միշտ համաձայն ենք եղել բոլոր համաձայնագրերին, իսկ հակառակորդը` ոչ»։