«Ծառուկյանն ինքն է որոշել դուրս գալ ու հիմա էլ ինքը պետք է որոշի` ղեկավարե՞լ նոր ընտրություններում այդ ԲՀԿ-ն, թե՞ ոչ». Մկրտիչ Մինասյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ ԼՂ հարցի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունը տարբերվում էր այդ համատեքստում արված նախորդ հայտարարություններից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր է Արցախի ներգրավումը բանակցային գործընթացներում, շատ կարևոր է, և նորություն է, նախորդ հայտարարություններից տարբերվող է:

Հիշեցնենք, որ Ջոն Էվանսը մասնավորապես ասել էր .

«Ես, օրինակ, հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»:

Մկրտիչ Մինասյանը միևնույն ժամանակ նկատեց, որ երկակի ստանդարտներն ամենուր են գործում, և ըստ նրա՝ այլ երկրների շահերը միշտ չէ, որ համընկնում են մեր շահերի հետ:
Նա այն կարծիքին է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է ՀՀ-ն Ղարաբաղի հարցում, նա համարում է ճիշտ.

«Այս քաղաքականությունը մեր երկրի շահերից է բխում։ Կոմպլեմենտար քաղաքականությունն իրեն արդարացնում է, ծայրահեղ մոտեցումների ժամանակը չէ»։

Անդրադառնալով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին լուրերին, նա ասաց, որ Ծառուկյանն է ստեղծել այդ կուսակցությունը, այն մենակայացած կուսակցություններից մեկն է, ու, եթե Ծառուկյանի կուսակիցները որոշել են, որ նա պետք է վերադառնա, թող վերադառնա. «Ծառուկյանը, վերջին հաշվով, ինքն է որոշել դուրս գալ ու հիմա էլ ինքը պետք է որոշի` ղեկավարե՞լ նոր ընտրություններում այդ կուսակցությունը, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս