Բանակին գոմեշի միսը մատակարարվում է պահածոների տեսքով

«Ռազմական գնումների ոլորտում առաջին հերթին օրենսդրական խնդիրներ են: Կարծում եմ` գնումների մասին օրենքով այս ոլորտի գնումներին պետք է հատուկ իրավական կարգավորում տալ` հաշվի առնելով այն ռիսկերն ու մարտահրավերները, որ կան այս ոլորտում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գերակշռում են այդպիսի հատուկ կարգավորումները, որոնք կամ օրենսդրական ճանապարհով են կարգավորվում, կամ համապատասխան կանոնակարգերով և ուղեցույցներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան ռազմական գնումների ոլորտում:

Անդրադառնալով մի քանի տարի առաջ բանակին մատակարարված գոմեշի մսի պատմությանը, որը բացահայտել էր Վերահսկիչ պալատը, Կ. Նահապետյանը նշեց, որ այն ժամանակ հարուցված քրեական գործերի արդյունքում մեղավոր անձինք ենթարկվել են պատասխանատվության. «Ռազմական գնումների ոլորտի հետ կապված չկա մի նոր բան, որ հանրությունը տեղյակ չի»:

Հարցին` այսօր բանակին գոմեշի միս այլևս չի՞ մատակարարվում, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ, այնուամենայնիվ, մատակարարվում է` պահածոների տեսքով. «Պահածոների մեջ խոշոր եղջերավոր կենդանիներից պատրաստված մսամթերք օգտագործվում է: Կառավարությունը սահմանել է չափանիշներ, որոնց այսօր համապատասխանում է նաև գոմեշի միսը: Ամբողջ խնդիր այն էր, որ կան չափանիշներին համապատասխանող և չհամապատասխանող խոշոր եղջերավոր կենդանիների մսերից պատրաստված պահածոներ: Սակայն, որպես հիմնական մսամթերք, այն չի օգտագործվում բանակում, միայն այլ կենդանիներ են` խոզ, տավար, հորթ, հավ»:

Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, բանակին գոմեշի միս մատակարարելու սկանդալի հետևանքով 2012թ. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Թեև ավելի ուշ նա նշանակվեց ՊՆ Սեյրան Օհանյանի խորհրդական:

Տեսանյութեր

Լրահոս