«Բավարիան» կդառնա Ռիբերիի վերջին եվրոպական ակումբը
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտադիր է ավարտել կարիերան «Բավարիայում», կամ էլ խաղալ այլ աշխարհամասում:
Ռիբերին «Բավարիա» է տեղափոխվել «Մարսելից» 2007 թվականին: Այս ամբողջ ընթացքում ֆրանսիացին եղել է ակումբի առաջատարներից մեկը և 1 անգամ նույնիսկ հավակնել է «Ոսկե գնդակին», սակայն պարտվել է Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Վերջերս Ֆրանկը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2018 թվականը:
«Եվրոպայում «Բավարիան» հաստատ կլինի իմ վերջին ակումբը»,- հայտարարել է 33-ամյա Ռիբերին Eurosport-ին:
«Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Հնարավոր է, ես կավարտեմ կարիերաս «Բավարիայում», բայց կարող է ևս 1 տարի խաղամ ինչ-որ այլ աշխարհամասում: Բայց ոչ Եվրոպայում»:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանկը անցկացրել է 13 հանդիպում «Բավարիայի» կազմում, որոնցում խփել է 2 գնդակ և դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը