«Թուրքիայից Հայաստան են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դրա համար էլ շուկայում երբեմն հանդիպում է լոլիկ, որն ամեն ինչի նման է, բացի լոլիկից». Սարգիս Սեդրակյան
«Գյուղացին ունի իրացման խնդիր. բերքն աճեցնում են, շուկա չկա, ժողովուրդը վճարունակ չէ: Նյութատեխնիկական միջոցների, սերմացուի խնդիր ևս կա: Թուրքիայից ինչ-ինչ ճանապարհներով Հայաստան են մտնում պոմիդորի և այլ բանջարեղենների սերմեր: Դրանց մեջ քիչ չեն գենետիկորեն մոդիֆիկացված սերմերը, որոնք չեն անցնում լաբորատոր ստուգումներ: Գյուղացիները նայում են՝ էժան գին, հաստակլեպ, երկարադիմացկուն, և ցանում են: Պետությունը չի ասում՝ ինչ ցանեն, ոնց ցանեն, անտերություն է…
Շուկայում երբեմն հանդիպում է լոլիկ, որն ամեն ինչի նման է, բացի լոլիկից: Շատ մարդիկ էժանության համար դա գնում են, բայց դա էլ աղիների, ստամոքսի հաշվին է լինում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին՝ իր մտահոգությունը հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ նման խնդիրներից խուսափելու համար պետք է շուկայում վերահսկողություն, պետական աջակցություն լինի.
«Տնտեսության մեջ մի կարևոր փուլ մեզ մոտ տեղի չունեցավ. երբ ամեն ինչ ազատականացվեց, անցանք մասնավորին, պետք է լիներ մրցակցություն պետականի և մասնավորի միջև: Սովետի ժամանակ ամեն ինչը պետական էր, մենք միանգամից անցանք մասնավորին, ու այդ միջանկյալ փուլը տեղի չունեցավ»,- ասաց նա:
Ս. Սեդրակյանն ընդգծեց՝ Ճապոնիայի կառավարությունը նախկինում Հայաստանին տվել էր գրանտներ, որպեսզի դրանով գյուղատնտեսական տեխնիկա գնեն, անվճար տան գյուղացիներին, բայց պետությունը՝ կառավարության մակարդակով, ըստ նրա՝ ինչ-որ գին էր սահմանել, աճուրդի դրել և դրանք վաճառել գյուղացիներին.
«Այդպես չպետք է լիներ: Գնում ես գյուղերը, էն կողմից կոմբայնը գալիս է՝ վախենում ես, ասում ես՝ մասերը կթափվի, այնքան է մաշվել: Նույնը նաև գյուղատնտեսական մյուս գործիքները, ժամանակակից գործիքներ են պետք: Այդ ուղղությամբ ոչ ոք չի մտածում: Ես նախարարին էլ ասացի, բայց չեն մտածում: Ախր, պետք է այդ գործի մեջ լինեն, դրանից հասկանան, որ սրտացավ լինեն, մտածեն այդ ուղղությամբ»:
Նա նշեց, որ հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ և ներկայացել այս խնդիրները, իսկ նախարարն ասել է, թե մտածում են այդ ուղղությամբ:
«Երբ նախարարին ծրագիր էինք ներկայացնում, ասաց՝ անվճար կանե՞ք: Ինչի նախարարն անվճա՞ր է նախարար աշխատում: Ոչ մեկը ոչ մեկից ողորմություն չի ուզում, ամեն մեկն իր տեղում, իր ձևով պետք է աշխատի: Կառավարությունը չի կարող միայնակ այդ խնդիրները լուծել, պետք է քաղհասարակության հետ միասին դա արվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում