
«Սահմանադրական երկու օրենքների նախագծերի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականը դրական է». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց այս նստաշրջանում պետք է հաստատվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի
համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
«Արմենպրես»-ը կապ հաստատեց Վենետիկում գտնվող Արփինե Հովհաննիսյանի հետ՝ իմանալու համար ներկայացված նախագծերի վերաբերյալ միջազգային մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների դիտարկումներն ու կարծիքները:
Արդարադատության նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները նշել են, որ նախագծերով առաջարկվող կարգավորումները համապատասխանում են միջազգային ընդունված բոլոր չափանիշներին:
«Իսկ նրանց կարծիքը նախագծերի վերաբերյալ եղել է շատ բարձր ու դրական»,- ասաց նախարարը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ այս նստաշրջանում հաստատվող կարծիքում առկա առաջարկները ևս կքննարկվեն ու կարտացոլվեն երկրորդ ընթերցման տեքստերում: