Բաժիններ՝

Հայաստանում աշխատունակ է համարվում 2 միլիոն 100 հազար մարդ

Հայաստանի Հանրապետության բնակչության 15-75 տարեկան տարիքային խմբում այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխատունակ է համարվում 2 միլիոն 100 հազար մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառա յության աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: «Աշխատանքային ռեսուրս կազմող բնակչության 55 տոկոսը կանայք են, 64 տոկոսը քաղաքաբնակներ են»,- նշեց Քալանթարյանը:

Նրա խոսքով` աշխատանքային ռեսուրս կազմող 1 միլիոն 004 հազար 700 մարդ ունի զբաղվածություն: «Զբաղվածների 60 տոկոսը տղամարդիկ են: Տղամարդկանց 5-ից 3-ը ունեն աշխատանք, իսկ կանանց շրջանում` 5-ից 2-ը»,- ասաց Քալանթարյանը:

Զբաղվածների 79 տոկոսի աշխատանքը մշտական է, աշխատողների միջին տարիքը` 43 տարեկան: «Զբաղվածների 50 տոկոսը որակավորված բանվորական մասնագիտություն ունեցողներն են, այսինքն՝ որակավորված բանվորներ գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտներում և այլն, իսկ 7 տոկոսը կազմել են տարբեր մակարդակների ղեկավարներ»,- շեշտեց Քալանթարյանը:

35,3 տոկոսի զբաղվածությունը եղել է գյուղատնտեսության ոլորտում, 11,3 տոկոսը արդյունաբերության ոլորտում, 4,7 տոկոսը շինարարության ոլորտում և 49 տոկոսը ծառայությունների ոլորտում:

Աշխատողների 43 տոկոսը ունեն միջնակարգ կրթություն, 29 տոկոսը` բարձրագույն կրթություն: Աշխատողների 27 տոկոսը երևանաբնակ են: «Զբաղվածների 78 տոկոսն իրենց գործունեությունը իրականացնում են տնտեսության մասնավոր հատվածում, իսկ 24 տոկոսը պետական հատվածում: Զբաղվածների 57 տոկոսը վարձու աշխատողներ են, ինքնուրույն իրենց ապահովել են աշխատողների 36 տոկոսը, իսկ 7 տոկոսը եղել են ընտանեկան բիզնեսի առանց վարձատրության օգնող անդամներ»,- եզրափակեց Քալանթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս