«Վատը քամու արագություն ունի, իսկ լավը կաղ է». Հրանուշ Հակոբյան
«Հայաստանում օտարերկրյա ներդրումների 80%-ը սփյուռքահայերի կողմից է: Մենք բարեգործությունից անցում ենք կատարում զարգացման քաղաքականությանը»,- այսօր ԱԺ-ում Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` խոսելով ՀՀ անկախության 25 տարիներին սփյուռքահայերի ներդրումների մասին:
Նա խոսեց Հայաստանում բարեգործություն կամ բիզնես ծրագրեր իրականացրած հայտնի սփյուռքահայերից, նշեց Էդուարդո Էռնեկյանի, Սամվել Կարապետյանի, Վաչե Մանուկյանի, Ռուբեն Վարդանյանի, «Թումոյի» հիմնադիրներ Սիմոնյանների, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, «Մերգելյան կարպետ» ընկերությունների մասին և կարևորեց Հայաստան բերված մշակույթը, ոչ միայն ֆինանսական միջոցները:
«Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան մի բան, եթե նրանք ներդրում են անում Հայաստանում, դրանով ամբողջ աշխարհում դրական իմիջ են ձևավորում իրենց համար, որովհետև 112 երկրներում հայերն անմիջապես դառնում են իրենց պրոպագանդիստները, իրենց քարոզիչները»,- ասաց Հ. Հակոբյանը` հավելելով, թե պետք է աշխատանք տարվի սփյուռքում Հայաստանի ներդրումային միջավայրի մասին լավ պատմություններ հասցնելու համար, քանի որ «վատը քամու արագություն ունի, իսկ լավը կաղ է»:
Նախարարը որպես տնտեսական ձեռքբերում ներկայացրեց արտերկրի մեր հայրենակիցներից ստացվող տրանսֆերները, որ տարբեր միջինացված չափերով տարեկան 2 մլրդ դոլարի է հասնում:
«Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք Հայաստանում, որ սփյուռքահայը վստահ լինի ու ներդրում անի: Սփյուռքահայի հոգին նախ բորբոքվում է հայրենիքի սիրով, հետո է մտածում բիզնեսի մասին»,- ասաց Հ.Հակոբյանը: