Սիրիայի վերականգնումը գնահատվել է 180 միլիարդ դոլար
Նախնական տվյալներով՝ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ է ներգրավել 180 միլիարդ դոլար, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր Է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարեր ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ տեղի կունենա, իրական չէ»,- ասել է նա։
Չուրկինի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը «հաղթում է արևելյան Հալեպում»։
«Բոլորը ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ են ունեցել՝ ելնելով այն բանից, որ շուտով կառավարությունը ամբողջությամբ կվերականգնի վերահսկողությունը արևելյան Հալեպում»,- ասել է նա։
Չուրկինը նաև հայտնել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Անվտանգության խորհրդի փակ խորհրդատվությունների ժամանակ կարևորել է զանգվածային միջազգային օպերացիայի կազմակերպման անհրաժեշտությունը Սիրիայի վերականգնման հարցում։