
Ինչպե՞ս է «Արսեն» ՍՊԸ-ն տարիներ շարունակ, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, սրահն օգտագործում ու խանգարում բնակիչներին

Դիմում-բողոք եմ ստացել Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թ.76 շենքի հ.22 բնակարանի բնակիչ Մարիամ Սարգսյանից այն մասին, որ շենքի N43 տարածքի սեփականատեր «Արսեն» ՍՊ ընկերության կողմից, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, հարկի բարձրության սահմաններում 52.1 քառակուսի մետր կիսահարկ ինքնակամ շինություն է կառուցել և տարածքը օգտագործում է՝ որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ, որտեղից եկող աղմուկը խանգարում է քաղաքացու անդորրը:
Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե նշված ինքնակամ շինությունը, առանց փաստաթղթերի ձևակերպման, ծառայելով որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ՝ արդյոք համապատասխանում է տվյալ շենքի, շինության նպատակային օգտագործմանը: Սեփականատերն ունի՞ արդյոք այդ սրահում սպորտ-առողջարարական պարապմունքներ անցկացնելու թույլտվություն:
Կից ներկայացրել եմ բնակչին ուղղված՝ ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի և Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի նամակների պատճենները:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ