
Հայտնի է դատավոր Իշխան Բարսեղյանի գործով առաջին դատական նիստի օրը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Գործով առաջին դատականը նիստը նշանակված է դեկտեմբերի 15-ին։ Այն կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը։
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Էլզա Գարեգինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն: