Դիարբեքիրի քաղաքապետարանի շենքի վրայից հանվել է հայերեն և ասորերեն լեզուներով գրությունը
Դիարբեքիրում հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հանել են հայերեն և ասորերեն լեզուներով գրությունը, որոնք Սուրի քաղաքապետարանի շենքի վրա փակցվել էր նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հանձնարարությամբ, հայտնում է Demokrathaber կայքը։
Համաձայն տեղեկությունների՝ հայերենով և ասորերենով «Սուրի քաղաքապետարան» գրությունը հանվել է Բիլալ Օզկանի հրամանով, որը նշանակվել է Սուրի քուրդ նահանգապետի ձերբակալությունից հետո։
Գրության տեղում տեղադրվել է Թուրքիայի դրոշը։
Աբդուլլահ Դեմիրբաշը Թուրքիայում առաջին քաղաքապետն է եղել, որը քաղաքապետարանի շենքի վրա տեղադրել է հայերեն լեզվով գրություն։
Նա նաև հայերենով գրքեր է հրատարակել, այդ թվում՝ հայկական հեքիաթների ժողովածու։