ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել «Մագնիտսկու օրենքի» գլոբալ կիրառման մասին
ԱՄՆ Սենատը երեկ օրինագիծ է ընդունել «Մագնիտսկու օրենքին» գլոբալ կարգավիճակ հատկացնելու օգտին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում օտարերկրյա քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։
«Մագնիտսկու գլոբալ օրենքի» ընդունումը տեղի է ունեցել երկրի պաշտպանական բյուջեի հետ կապված օրինագծերի քվեարկության ժամանակ։
Օրինագիծն այսպես կոչված «Մագնիտսկու ակտի» զարգացումն է, որն ԱՄՆ-ում ընդունվել էր 2012թ. դեկտեմբերի 14-ին։ Այն վիզային սահմանափակումներ էր սահմանում ռուսների նկատմամբ, որոնք, կոնգրեսականների կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտմանը։
Ներկայում ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքը և «Մագնիտսկու գլոբալ օրենքը»՝ որպես դրա մաս, ուղարկվելու են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, որպեսզի վերջինս այն ստորագրի։
Օբաման կարող է կա՛մ հավանության արժանացնել, կա՛մ վետո դնել փաստաթղթի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս 5 ազգանուն է ավելացրել «Մագնիտսկու ցուցակում»:
Նշենք, որ «Մագնիտսկու ցուցակը» բաղկացած է անուններից, որոնց ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման մեջ ու նրանց դեմ կիրառում է անհատական պատժամիջոցներ: Տվյալ ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ տվյալ անձանց ամերիկյան ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործ ունենալ նրանց հետ: