Միացյալ Նահանգները՝ Հայաստանի լավագույն բարեկամ. սենատոր. «Ամերիկայի ձայն»

Անկախ որեւէ ներքաղաքական զարգացումներից, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգները պետք է մնա Հայաստանի լավագույն բարեկամը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է սենատոր Մարկ Քըրքը.

«Մենք պետք է համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները միշտ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Ամերիկայի հայ համայնքը մեր կյանքի, մեր ընտանիքի անբաժանելի մասն է, իսկ հայկական մշակույթը մեր մշակույթի մասը եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարդ տարածաշրջանում հայտնված Հայաստանին աջակցելու համար»:

Սենատորի խոսքով, աջակցությունն իր մեջ ներառում է ավելի լուրջ քայլեր Վաշինգտոնի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ՝ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության բարձր ծավալները.

«Ինձ համար, որպես սենատոր, միշտ կարեւոր էր համոզված լինել, որ հայերի ձայնը միշտ լսելի է Սենատում տարբեր խնդիրներ քննարկելիս»:

Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանն ամերիկյան օգնությունը ստացողի դերում չէ միայն: Մարկ Քըրքն ընդգծում է, որ ցեղասպանություն եւ բազմաթիվ փորձություններ վերապրած հայ ժողովուրդն իր կողմից շատ բան կարող է սովորեցնել Միացյալ Նահանգներին.

«Ամերիկայի հայ համայնքը եզակի դեր է խաղում թույլ չտալով, որպեսզի Ամերիկան քնի մեջ մնա, ինչպես դա պատահեց 1930-ականներին»:

Այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ սրվող հարաբերությունների եւ նոր մարտահրավերների պայմաններում իրավիճակը նույնպես կարող է սրվել, համոզված է սենատոր Քըրքը.

«Հայաստանը մեզ սովորեցնում է, ներառել անցյալի դասերը արտաքին քաղաքականության մեջ եւ համոզված լինել, որ Ամերիկան աշխարհում դրական դեր է խաղում»:

Տեսանյութեր

Լրահոս