Բաժիններ՝

ԱՄՆ-ում կյանքի տևողությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

ԱՄՆ-ում կյանքի սպասվող տևողությունն ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է: Վերջին անգամ կյանքի տևողությունը նվազել էր, երբ երկրում ՄԻԱՎ-ի համաճարակը գագաթնակետին էր հասել, նշել է France-Presse-ը: Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնը տվյալներ է հրապարակել 2015 թվականին երկրում մահացության տվյալների վերաբերյալ։

ԱՄՆ-ում կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78,8 տարի. միջին հաշվով այդքան պետք է ապրի 2015 թվականին ծնված երեխան: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 78,9 տարի: Տղամարդկանց համար կյանքի տևողությունը 76,5 տարուց իջել է մինչև 76,3 տարի, իսկ կանանց համար՝ 81,3-ից մինչև 81,2 տարի:

Ամերիկացիների մահվան ամենատարածված պատճառ են դարձել սիրտանոթային հիվանդությունները. դրանցից միջին հաշվով մահանում է 100 հազար բնակիչներից 168,5-ը: Դրան հաջորդում են ուռուցքաբանական և շնչուղիների քրոնիկական հիվանդությունները:

Անցյալ տարի ԱՄՆ-ում ավելացել է մահացությունը գործնականում բոլոր պատճառներից, բացի ուռուցքաբանական հիվանդություններից (մակարդակն իջել է) և ինքնասպանություններից (մնացել է անփոփոխ): Ավելի շատ ամերիկացիներ են սկսել մահանալ դժբախտ դեպքերի, ինսուլտների, շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության հետևանքով և այլ պատճառներից: Ամբողջությամբ վերցված 2015 թվականին մոտավորապես 86 հազարով ավելի մարդ է մահացել, քան 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս