«Ապրիլյան էսկալացիան ցույց է տալիս, որ իրավիճակը շփման գծում վտանգավոր է, և լարվածություն կարող է ծագել ցանկացած պահի». Մամեդյարով
ԵԱՀԿ տիրույթում հակամարտությունները հիմնական պատճառներից են, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը։ Այդ պատճառները պետք է շուտափույթ վերացվեն։
Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
Մամեդյարովն իր ելույթում դարձյալ Հայաստանին մեղադրել է նրանում, որ այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածություն է առաջացել։ Դրա պատճառ է նշել «Հայաստանի օկուպացիան»։
«Այդ փաստն ամենամեծ խոչընդոտն է հակամարտության կարգավորման համար։ Ապրիլյան էսկալացիան ցույց է տալիս, որ իրավիճակը շփման գծում վտանգավոր է, և լարվածություն կարող է ծագել ցանկացած պահի։ Ստատուս-քվոն չի կարող կայուն լինել և պետք է փոխվի»,- հայտարարել է նա՝ բարձր գնահատելով Վիեննայի ու Սանտ Պետերբուրգի քննարկումները։
Նա իր շնորհակալությունն է հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու «մասնավորապես» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գործադրած ջանքերի համար։
«Անհրաժեշտ է պահպանել այդ դինամիկան։ Հուսով ենք՝ Մինսկի խումբը կարևոր դեր կխաղա այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը՝ նշելով, թե դրա համար Հայաստանը պետք է հանի իր զորքերը «օկուպացված ադրբեջանական տարածքներից, պետք է փուլային եղանակով վերացվեն հակամարտության հետևանքները, վերականգնվեն տրանսպորտային կապերը, տեղահանվածները՝ վերադառնան իրենց հողերը, ինչը թույլ կտա կարգավորել հակամարտությունը։
Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է «ոչ կառուցողական բանակցություններ» վարելու մեջ։