Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր եղբայրը ոստիկան է, ու ինքը ոստիկանների կողքին է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Ոստիկանությանը նրանց կատարած աշխատանքի համար։ Ըստ նրա՝ մենք պետք է ձգտենք ոչ թե փոփոխությունների, այլ բարեփոխումների, որովհետև, նրա խոսքով, շատ հաճախ փոփոխությունները լինում են ինքնանպատակ։
«Ես դեմ եմ ինքնանպատակ փոփոխությունների, մենք պետք է համեմատենք Ոստիկանությունը 10 տարի առաջ, 5 տարի առաջ և այսօր, և անհամեմատ մեծ դրական աճ կա։ Ոստիկանությունը բարեփոխվել է, բայց այնպես չէ, որ անելիք չունենք։ Պետք է փոխենք այն կարծիքը, այն վատ երևույթը, որ կա նաև մեր որոշ մարգինալացված շրջանակների կողմից՝ առ Ոստիկանություն։ Չեմ ուզում հետ անցնեմ ամառային դեպքերին, բայց մենք մի բան պետք է հասկանանք, ինչպիսի հարգանք, վերաբերմունք մենք ունենք մեր Ոստիկանության, ուժային կառույցների նկատմամբ, այնպիսի ապագա վաղը կունենան մեր երեխաները։
Մենք պետք է հասկանանք, որ մինիմում աշխատավարձով, ոչ շատ բարձր աշխատավարձով այդ ոստիկանները պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը, հանգիստ քունը։ Բոլոր թերություններով հանդերձ՝ Ոստիկանությունը բարեփոխվում է, մենք ձեր կողքին ենք, գիտեմ, որ այս ելույթից հետո կարող է՝ շատ քննադատություն լինի, բայց սա նաև կապ ունի իմ սուբյեկտիվ վերաբերմունքի հետ, որովհետև իմ եղբայրս էլ ոստիկան է, ես շատ լավ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմավորված աշխատանքը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։