«Հավաստիացնում եմ ձեզ՝ Ոստիկանության թիվը չի շատացել». Փոխոստիկանապետ
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, Ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն ավելի արդյունավետ լրացնելու անհրաժեշտությամբ։
«Հասկանալի է, որ լավ օրից չէ, որ բերվել է նախագիծը, ընկալելի է դա։ Հիմնախնդրի արմատների մեջ խորացե՞լ եք։ Ապագայում ավելի համակարգային մոտեցումները, որոնք ուղղված կլինեն ապագա հնարավոր զարգացումներին, ինչպե՞ս եք տեսնում»,- հարցով հիմնական զեկուցողին դիմեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը։
Ի պատասխան՝ Վ. Եղիազարյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են արմատները. «Եթե արմատներին վերադառնանք, օրենքը կիրառվում է 2002 թվականից. մինչև 2011 թվականը եղել է դրսից ընդունելություն, 2011 թվականից հետո մտավ այդ երկաստիճան, երեքաստիճան ուսումնական համակարգի ներդրումը, փոփոխություն մտցվեց այս համակարգի մեջ, միգուցե նպատակը շատ լավ էր և հեռահար, բայց, փաստորեն, այսօրվա վիճակով դա մեզ համար բերեց որոշակի խնդիրներ։
Փաստորեն, այսօր վերադառնում ենք 2011 թվականի տարբերակին, գործելու է և՛ եռաստիճան քոլեջի, և՛ ուսումնական կենտրոնի սկզբունքը, բայց հնարավորություն է ընձեռվելու դրսի ընդունելություն կազմակերպել, սա մեզ համար կենսական նշանակություն ունի այս պահին»։ Նա նաև նշեց, որ կա Ոստիկանության բարեփոխումների ծրագիր, և այդ ծրագրերը միանգամյա չեն, շարունակական են, իրենք էլ պարբերաբար անդրադառնում են զանազան ոլորտներին. «Ասում են՝ Ոստիկանության թիվը շատ է, հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ»,- ասաց նա։