«Մաքսիմալ ուշադիր եղե՛ք». Կարեն Կարապետյանը՝ Արտակ Շաբոյանին

Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով ամանորյա տոները:

«Մաքսիմալ ուշադիր եղե՛ք, տնտեսվարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ արհեստական է, գերիշխող, որպեսզի բիզնեսի համար բեռ չդառնա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ասաց, որ կառավարության նիստերի ժամանակ տրված առաջին հանձնարարականների շարքում են չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումների առաջարկները.

«Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները:

Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այս սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված  լինի տվյալ գույքի շուկայական արժեքի հետ: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում:

Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում են մոտեցումները: Հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բաեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017թ. ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»:

Տեսանյութեր

Լրահոս