«Ես կարողացա ապացուցել, որ բարձրակարգ ֆուտբոլիստ եմ. ու կապ չունի՝ խաղում էի ես, թե ոչ». Մխիթարյան
Դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խմբային փուլի վեջին տուրի «Զարյա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Նախախաղային մամուլի ասուլիսին մանչեսթերյան ակումբից մասնակցեցին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը նշել է, որ միշտ հաճելի է Ուկրաինա վերադառնալը, քանի որ Ուկրաինայի հետ կապված լավ հիշողություններ ունի:
«Հաճելի է լինել Օդեսայում, քանի որ Դոնեցկի «Շախտյորի» կազմում իմ առաջին հեթ-տրիկը ձևակերպեցի հենց այստեղ»,- նշել է Հենրիխը:
Հենրիխը նշել է, որ մանչեսթերյան ակումբին բարդ խաղ է սպասվում: Ըստ կիսապաշտպանի՝ ֆուտբոլիստներին կարող են խանգարել նաև եղանակային պայմանները, բայց իրենք կանեն ամեն ինչ` լավ խաղ ցուցադրելու համար:
«Մենք պայքարելու ենք, քանի որ անելիք ունենք Եվրոպայի լիգայում: Մենք չենք հանձնվում և չենք համակերպվում դուրս մնալու մտքի հետ նաև Պրեմիեր լիգայում: Մեք դեռ խաղեր ունենք անցկացնելու և ամեն ինչ կանենք մեր ուժերի ներածին չափով»:
Ըստ Մխիթարյանի՝ թիմում տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ լավ են և թիմը պատրաստ է հաղթելու:
Լրագրողները բաց չեն թողել առիթը՝ հարցնելու Մխիթարյանին խաղաժամանակ չստանալու և սկզբնական շրջանում ակումբի հայտացուցակում տեղ չգտնելու մասին:
Մխիթարյանը նշել է, որ այդ մասին չի ցանկանում խոսել, քանի որ ամեն ինչ անցյալում է և ինքը դրական է տրամադրված:
«Ուրախ եմ խաղաժամանակ ստանալու համար: Կարծում եմ, որ ամեն ինչ անկանխատեսելի է և պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի: Այս դեպքում ես պատրաստ էի և դրա շնորհիվ կարողացա ապացուցել, որ բարձրակարգ ֆուտբոլիստ եմ: Ու կապ չունի՝ խաղում էի ես, թե ոչ: Ես պատրաստ եմ միշտ օգնել թիմին»,- նշել է Հենրիխը:
Մխիթարյանը նշում է նաև, որ շատ է խոսել Մոուրինոյի հետ: Նրանք միասին կարողացել են հասկանալ՝ ինչը պետք է ուղղի Հենրիխը և դրանից հետո Մխիթարյանը կրկին ստացել է դաշտ դուրս գալու հնարավորություն:
Ի դեպ անգլիական Manchester Evening News-ը շեշտում է այն հանգամանքը, որ ասուլիսի ընթացքում չկար թարգմանիչների կարիք, քանի որ Մխիթարյանը հարցերին պատասխանում էր կամ կատարյալ անգլերենով, կամ կատարյալ ուկրաիներենով:
Սիրարփի Աղաբաբյան