
Առողջապահության նախարարությունը հայտնաբերել է 17 անվանում ժամկետանց դեղեր

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վերջին երեք օրվա ընթացքում իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը դեղատնային կրպակներում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող 100 անվանում դեղեր, ինչպես նաև 17 անվանում ժամկետանց դեղեր:
Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու և վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով: