ՀՀ-ԵՄ 7-րդ բանակցային փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում

Վերջին ամիսների ընթացքում 2015թ. դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցություններն ինտենսիվորեն առաջ են ընթանում։

Շուրջ մեկ տարվա ընթացքում կողմերը  հասցրել են Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների վեց փուլ իրականացնել։ Դրանք, ըստ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի, անցել են հետագա հարաբերությունների համար բարենպաստ մթնոլորտում՝ գրանցելով հաջող արդյունքներ։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, բանակցությունների ավարտին հասնելու համար անհրաժեշտ կլինի կազմակերպել բանակցային ևս 2-3 փուլ։

168am-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, բանակցային հերթական՝ 7-րդ փուլը կկայանա  հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-14-ին, Բրյուսելում։ Մեզ նաև փոխանցեցին, որ հայկական պատվիրակության կազմում կլինի նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Հայաստանն ու Եվրոպական միությունը մի քանի ամիս առաջ ավարտել են բանակցությունները համաձայնագրի քաղաքական հատվածի շուրջ, ինչը էապես չի փոխվել Ասոցացման համաձայնագրի նույն բաղադրիչից, որն արդեն բանակցված էր 2013թ.։ Դրանից հետո վերջին երկու բանակցային փուլերը նվիրված են առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորմանը, առաջիկա բանակցությունները ևս դրան նվիրված կլինեն»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններն այնքան անհարթ չեն ընթանում, ինչպես քաղաքական բաղադրիչի շուրջ բանակցությունները։ Բայց ըստ մեր աղբյուրի՝ կողմերն այդ հարցերն անհաղթահարելի խոչընդոտներ չեն դիտարկում և զիջումների են գնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևանում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը մյուս տարվա ընթացքում կավարտեն բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որից հետո ԵՄ-ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգային գործողություններին ԵՄ անդամ 28 երկրների մասնակցությամբ:

Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել էր, որ, երբ ավարտեն բանակցությունները, ՀՀ-ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը:

«ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա: Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, և ԵՄ-ն ևս պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Ամենակարևորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն որակը, խորությունը, հարաբերությունների լայն ծավալը, որ մենք ունենք: Դրա վրա ենք մենք աշխատում և պետք է դա ավարտին հասցնենք: Դա շատ շուտով է լինելու»,- մանրամասնել էր Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս