«Չի կարելի, չէ,՞ այդպես անվերապահ հայտարարություններ անել». Հերմինե Նաղդալյանը նորից անդրադարձավ Արամ Մանուկյանի ելույթին

«Տեղական ինքնակառավարման համար 20 տոկոսանոց պահուստային ֆոնդ է նախատեսվել ու չկա գրված՝ ով է օգտագործելու՝ ավագանի՞ն, թե՞ համայնքի ղեկավարը, ես միանգամից առաջարկում եմ, որ ավագանին»,- այսօր Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ  ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ՝ բացառապես ավագանին. «90-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել  միայն համայնքի ավագանու որոշմամբ»:

Ա. Մանուկյանն անդրադարձավ նաև հիմնադրամների խնդրին. «Դառը փորձ ունենք, հիմնադրամները հանեք, Երևանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի, ստվերի մի մեծ աղբյուր, որը հաճախ ավելին է, քան հենց ինքը՝ բյուջեն է։ Բոլորը գիտեն, որ ցանկացած մարդ մի փոքր տնակ քանդելու կամ կառուցելու համար մինչև չանցնի այդ հիմնադրամի թրի տակով, չի կարող անել։ Հիմնադրամներն ուղղակի պետք է արգելվեն»։ Ա. Մանուկյանի խոսքով՝ 1-2 տոկոսն է միայն, որ բարերար է և վճարում է հիմնադրամին:

Վ. Տերտերյանը չհամաձայնեց՝ ասելով, որ դա Ա. Մանուկյանի մասնավոր կարծիքն է. «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները  և կանոնակարգումները բացարձակ բավարար են, որ այդ հիմնադրամներն էֆեկտիվ լինեն, այլ ոչ թե ձեր նշած մակդիրներով համեմված։ Ես համաձայն չեմ, որ Երևանի հիմնադրամն այդպիսին է, որովհետև ես  շատ դեպքեր կարող եմ բերել, որ մարդիկ  բացարձակապես այդ հիմնադրամի հետ չեն թղթակցվում, դուք լրիվ հակառակը ներկայացրեցիք»։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նույնպես արձագանքեց. «Պարոն Մանուկյանը հիմա էլի ինձնից կնեղանա, որ միջամտում եմ, բայց այնուամենայնիվ… Ինչո՞ւ մենք մեզ նման իրավունք վերապահենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բարերար են, այդպես ուլտիմատումային կերպով հայտարարել, որ դա ստիպողաբար է: Որտեղի՞ց է ձեզ այդ ինֆորմացիան: Չի կարելի, չէ,՞ այդպես անվերապահ հայտարարություններ անել»:

Ա. Մանուկյանը տեղից  բղավեց՝ ասելով, որ չի կարելի այդպես, ինքն այսուհետ իր ամեն ելույթ սկսելու է Հ. Նաղդալյանի ելույթները մեկնաբանելով։

Տեսանյութեր

Լրահոս