«Ի՞նչ է նշանակում՝ մենք համայնքի ղեկավարին չենք կարող պաշտոնանկ անել». Խոսրով Հարությունյանը՝ փոխնախարարին
«Սկզբունքների մեջ չկա բյուջետային ինքնուրույնության սկզբունքը, չկա իշխանության փոխլրացման սկզբունքը, չկա տեղական իշխանության մարմինների դատական պաշտպանվածության սկզբունքը, չկա համայնքների ղեկավարների երկակիության սկզբունքը, այս սկզբունքները բացակայում են»,- այսօր ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նա նաև չհամաձայնեց օրինագծում ամրագրված այն դրույթի հետ, թե կառավարման մարմինները չեն կարող համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել. «Դուք ասում եք, որ Սահմանադրությամբ ամրագրված չէ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ինստիտուտը, հետևաբար՝ մենք այդ ինստիտուտը հանում ենք, կներեք, բայց Սահմանադրության մեջ ամրագրված են այն դրույթները, որոնք ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի կայունությունն ու անշրջելիությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության ինստիտուտը տեղական իշխանությունների արդյունավետության բարձրացման ինստիտուտ է, որը կարող է օրենքով կարգավորվել։ Սահմանադրության մեջ այնքան բան կա չգրված, բայց մենք այս օրենքում գրում ենք, որ դա պայմանավորված է այս մարմինների ներկայացվող պահանջներով։ Ի՞նչ է նշանակում՝ մենք համայնքի ղեկավարին չենք կարող պաշտոնանկ անել»։
Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ կառավարությունը չի հավակնում, որ այդ թվարկված սկզբունքները պետք է ամբողջական լինեին, որովհետև շատ սկզբունքներ ավելի ընդհանուր են, ու, ի թիվս այլ սուբյեկտների, տեղական ՏԻՄ-երի վրա էլ են տարածվում։
«Իհարկե, բյուջետային անկախությունը հիմնարար սկզբունք է, բայց ինքը խարտիայով դրված է։ Եթե այդ տեսանկյունից նայենք, կարելի է լրացնել։ Ոչ թե մերժել ենք այդ սկզբունքները, այլ դրանք առանց այն էլ եղել են։ Պաշտոնանկության մասով՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության լիազորությունը բացառապես թողել ենք ավագանու վրա, մոտեցումն այնպիսին է եղել, որ այլևս մարզպետական ինստիտուտը կամ պետական կառավարման մարմինները պաշտոնանկության նախաձեռնություն չկարողանան հանդես բերել։ Մենք Սահմանադրությունից պաշտոնանկության դրույթի հանելն այդպես ենք մեկնաբանել, որովհետև մասնակցել ենք սահմանադրական փոփոխություններին, դեռ այն ժամանակ այս խնդիրը քննարկվել է, և նման մեկնաբանություն ենք տվել»,- ասաց փոխնախարարը։