«Միայն հոգեկան հիվանդը կարող էր նման հայտարարություն անել». Էդիկ Մինասյան

«Ալիևի այս հատարարությունները, կարծես, սովորական երևույթ են դարձել: Դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին լսարանին են ուղղված. Ժողովրդին արթնացնելու փորձ է նկատվում նրա կողմից: Կոնկրետ վերջերս արված հայտարարությունն էլ, թե Հայաստանը համարվում է Ադրբեջանի պատմական հողեր, իհարկե, սա հիստերիկ ու ծիծաղելի էր: Միայն հոգեկան հիվանդը կարող էր նման հայտարարություն անել, այն դեպքում, երբ ինքը լավ էլ գիտի, որ դրանք պատմական հայկական հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կեղծիքն Ադրբեջանում սովորական երևույթ է դարձել, և իմաստ չունի ամեն «ցնդաբանության պատասխանել»: «Հիշում եք՝ նա առաջ էլ հայտարարում էր, թե իրենց հին հողերը, հատկապես՝ Երևանը, չեն ուզում: Ծիծաղելի է, որ ամեն անգամ նա փորձ է անում ապակողմնորոշել ու ուշադրություն սևեռել այս փաստի վրա»,- ասաց նա՝ ընդգծելով՝ փաստ է, որ վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ ագրեսիայի է դիմում՝ մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ կա Արցախի խնդիրը, և որի լուծման որևէ նոր բանաձև նա չի առաջարկում:

«Ադրբեջանը փորձում է հարցը լուծել բռնի մեթոդներով և ամեն անգամ հանդիպում է լուրջ դիմադրության: Վերջին քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նրա ագրեսիվ պլանները հօդս ցնդեցին մեր ժողովրդի միասնության, հասարակության բոլոր խավերի միասնական աջակցության շնորհիվ»,- նկատեց պատմաբանը:

Նա ընդգծեց, որ չնայած՝ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք էին բերվել որոշակի համաձայնություններ, սակայն Ադրբեջանը նորից շարունակում է խոստումներից այն կողմ չգնալ. «Ըստ էության, Ադրբեջանը նորից հույսը դրել է իր անակնկալ հարձակումների վրա՝ մոռանալով, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն իր զինվածության մակարդակով պակաս չէ ու հաստատ հակահարված կտա ագրեսորին: Ալիևի բարբաջանքները որևէ լուրջ հիմք չունեն»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս