Oբաման Իրաքում ԱՄՆ-ի թույլ տված սխալներն անվանել է ԴԱԻՇ-ի առաջացման պատճառ
Սխալները, որոնք ԱՄՆ-ն թույլ է տվել Իրաքում ռազմական գործողության ժամանակ, դարձել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացման ապատճառներից մեկը, հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մենք հրաժարվեցինք կրկնել 2003թ. ներխուժման որոշ սխալներ, որոնք սկզբնապես նպաստեցին կազմակերպության առաջացմանը, որը հայտնի է որպես ԴԱԻՇ»,- ասել է Օբաման Ֆլորիդայում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ 2014թ. ԱՄՆ-ն ստեղծել է կոալիցիա, որի մեջ մտնում է մոտ 70 երկիր և սկսել է պայքարել Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների դեմ, սակայն ոչ թե ամերիկյան գումարտակների ուժերով, այլ տեղի խմբավորումների, որոնց Վաշինգտոնը աջակցել է սարքավորումներով և հատուկ նշանակության ջոկատներով։
Օբաման նշել է, որ կոալիցիան արդեն ահաբեկիչներին հասցրել է ավելի քան 16 հազար ավիահարված, իսկ ԴԱԻՇ-ը կորցրել է վերահսկողության տակ գտնվող տարածքների կեսից ավելին։
«Վերջին հաշվով, ԴԱԻՇ-ի ողնաշարը կկոտրվի»,- հայտարարել է Օբաման։
Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականության դեմ պայքարը կարող է տևել մի քանի սերունդ։