
«Քաղաքական աշունը գործնական ռելսերի վրա դրեց բարեփոխումները Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում». Շարմազանով

Ավարտվող քաղաքական աշունը գործնական ռելսերի վրա դրեց Հայաստանում բարեփոխումները հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որի սկիզբն ազդարարվել էր սույն թվականի փետրվարի 12-ին Նախագահի հայեցակարգային ելույթով: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: « Քաղաքական աշունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ծրագրային օրակարգի միակ նախաձեռնողը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ ներքաղաքական բարեփոխումների միակ նախաձեռնողը և լոկոմոտիվը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, ինչն արտահայտվեց նաև կուսակցության համագումարի ժամանակ հանրապետության նախագահի ծրագրային ելույթում»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովն ընդգծեց, որ նախագահի ելույթում խոսք է գնացել մի շարք կարևոր սկզբունքների մասին, իսկ սկզբունքների սկզբունքը ազգային գաղափարախոսության հայտարարումն էր: «Ուժեղ Հայաստանի, ուժեղ, որտեղ չկա ներքին թշնամանք, որտեղ կա ազատ մրցակցություն. Որտեղ պետք է լինի արդարություն, որտեղ չպետք է լինի այնպիսի ախտը, ինչպիսին է կոռուպցիան և ամենակարևորը՝ ուժեղ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայ իր ներուժը պետք է ներդնի հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման: Մեր փոխարեն մեր խնդիրները որևէ մեկը չի լուծելու»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: