«Ցավոք սրտի, մենք անընդհատ փորձում ենք անօթևան ընտանիքներին տալ արտոնությունները, որը, իմ կարծիքով, վտանգավոր է»
«Անցել է 28 տարի, և աշխատանքներ տարվել են աղետի գոտում, պետք է լինել Գյումրիում ու տեսնել այդ աշխատանքները»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց գյումրեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Նա նկատեց, որ Գյումրիում դեռևս կա գործազրկության և անօթևանության խնդիր. «Խոսքը է գնում՝ ոչ թե 2017 թվականին անօթևանության խնդիրը լուծել Գյումրի քաղաքում, խոսք է գնում՝ ընդամենը կառավարության կողմից առաջնահերթություն ունեցող ցուցակի անօթևանների խնդիրը լուծել Գյումրի քաղաքում։ Պետք է մոտեցումը փոխվի աղետի գոտու նկատմամբ, և այդ մոտեցումը հետևյալն է, մենք պարբերաբար խոսում ենք անօթևանության խնդիրների մասին, բայց չենք խոսում այն կարևոր խնդիրների մասին, որ հնարավորություն է տվել այս վերջին տարիներին կառույցների թողտվության և ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում ավելացնել անօթևան ընտանիքների թիվը Գյումրիում։
Ցավոք սրտի, մենք անընդհատ փորձում ենք անօթևան ընտանիքներին տալ արտոնությունները, որը, իմ կարծիքով, վտանգավոր է, քանի որ շատ ընտանիքներ նորից փորձում են արհեստականորեն վերադառնալ անօթևանության շարքերը՝ ունենալով արտոնություններ»։