«Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Խոսքս սկսեմ արդեն դասական դարձած ոճով հարցադրումներով.
– վերևներում նստածները պատկերացնո՞ւմ են արդյոք պետական համակարգի իրական մասշտաբները,
– թերևս ոչ,

– գիտե՞ն արդյոք ամեն իրենց հասած փաստաթղթի տակ ինչքան մարդկային աշխատանք կա, ծանո՞թ են արդյոք այն առաջին կարգի մասնագետի ապրումներին, ում գրած տեղեկանքը հետո դառնում է իրենց հերթական հեռուստաներկայացման պիեսը,

– ոչ,

– իսկ պատկերացնու՞մ են արդյոք այն կիրթ մարդու ներաշխարհը, ով չգիտի, թե մայրամուտին մոտ իր կազմած որոշման նախագծի մասին արդեն վեցերորդ շեֆի վեցերորդ ցուցումին սպասի, թե՞ տուն վազի ջերմությամբ պառկած զավակին թեյ տալու,

– ոչ,

– իսկ պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր բարեխղճորեն, առանց ինքնափիառի,գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում։

– թերևս ոչ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանում այսօր խաչակրած արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ Ու որպես հետևանք, թմբկահարվում է ամեն ինչում մեղավոր այդ «թշնամու» վնասազերծումը։ Չե՞ք նկատել։ Հաստատ նկատել եք։ Մարդիկ ահաբեկված են։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք դրա մասին։

Այո՛, պետական ապարատի բարեփոխում և չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Ամեն մարդ մի աշխարհ է։ Աշխարհն առանց այն էլ արդար չէ։ Մի՛ մթագնեք ու մի՛ դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու։

Կառավարել, չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել։ Մեղք մի՛ գործեք, խնդրում եմ ձեզ. չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք»:

Տեսանյութեր

Լրահոս